This is a repeating eventApril 24, 2022
Կրկնազատիկ (Նոր Կիրակի)
11aprAll DayԿրկնազատիկ (Նոր Կիրակի)
Այս օրը երբեմն կը կոչուի «Նոր Կիրակի», երբեմն ալ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տօնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածներու: Նոր կը կոչուի և գարունը,
Այս օրը երբեմն կը կոչուի «Նոր Կիրակի», երբեմն ալ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տօնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածներու: Նոր կը կոչուի և գարունը, քանզի յաջորդելով ձմռանը՝ կը սկսի արարածներու նորոգութիւնը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին կը ծլարձակին: Բնութիւնը ամէն տարի կը նորոգուի չորս եղանակներով. գարնանը կը ծնի, ամռանը կ’աճի և կը հասնի կատարելութեան, աշնանը կը ծերանայ և ձմռանը կը մահանայ՝ յաջորդ գարնանը վերստին նորոգուելու համար: Այսպիսով կը նկարագրուի մեր Յարութեան խորհուրդը: Եթէ գարնանը բնութիւնը կը նորոգուի հնութենէն, ապա Եկեղեցին առանց հնանալու կը նորոգուի, քանզի Եկեղեցին չի հնանար ու ծերանար, այլ Քրիստոսով կատարեալ կը մնայ:
Արդ՝ նոր ըսելով նոր կեանքը ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամէն ինչ վերստին նորոգուեցաւ, հինը անցաւ և ամէն ինչ նոր եղաւ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղաւ նաև Եկեղեցիի խորհուրդը, որ յաւիտեան ծածկուած էր Աստուծոյ մօտ, և այժմ յայտնուեցաւ Իր սուրբերուն, և Եկեղեցիի միջոցով երկնային իշխանութիւններուն ու պետութիւններուն (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10): Նոր է և Եկեղեցիի պատիւը, որուն մասին առաքեալը կ’ըսէ, որ ուրախ է այն չարչարանքներուն ու նեղութիւններուն համար, որ կը կրէ իր մարմինովը (Կողոս. 1:24): Նոր է նաև Եկեղեցիի պաշտօնը, քանզի ճշմարիտ երկրպագութիւնն այն է, երբ Հօրը կ’երկրպագեն հոգիով ու ճշմարտութեամբ, քանզի Հայրն այդպիսի երկրպագութիւն կը փնտռէ (տես Յովհ. 4:23): Նոր է և Եկեղեցիի հոգևոր և վերստին ծնունդը, որ մարգարէն նախապէս տեսնելով ըսաւ. «Ո՞վ լսեր է, ո՞վ տեսեր է այսպիսի բան, որ երկիրը մէկ օրուայ մէջ ծննդաբերէ, և մէկ անգամէն ամբողջ ազգ մը ծնի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուաւ և իր մանուկներուն ծնաւ» (Եսայի 66:8): Նոր է և Եկեղեցիի սուրբ Սեղանի խորհուրդը և փառքը, քանզի այլևս չի ներկուիր նոխազներու արիւնով, այլ ամբողջովին ներկուած է Աստուծոյ Օծեալ Որդիի կենարար Արիւնով: Նոր է և Եկեղեցիի «պետութիւն» կարգը՝ ըստ այս խօսքին. «Ձեզմէ կը վերցուի Աստուծույ արքայութիւնը և կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնէ այն» (Մատթ. 21:43): Նոր է նաև Եկեղեցիի «քրիստոնեայ» անունը, ինչը Աստուած նախ մարգարէին խոստացաւ. «Իմ ծառաներուն նոր անուն պիտի տրուի, որ պիտի օրհնաբանուի երկրի վրայ» (Եսայի 65:15): Նոր է Եկեղեցիի հաւատացեալներուն ու ժառանգներուն յոյսը, որու մասին կ’ըսէ առաքեալը. «Ուստի, ծառայ չես, այլ որդի, և եթէ որդի ես, ապա և՝ ժառանգ Աստուծոյ» (Գաղատ. 4:7): Նոր է նաև Եկեղեցիի արքայութեան աւետիսը. «Անոր հետ Յարութիւն տուաւ մեզի և Անոր հետ նստեցուց երկինքի մէջ Քրիստոս Յիսուսով» (Եփես. 2:6), որու մասին նաև Տէրը կ’ըսէ. «Եթէ մեկը Ինծի ծառայէ, Իմ ետևէն կու գայ. և ուր որ Ես եմ, այնտեղ կ’ըլլայ և Իմ ծառաս» (Յովհ. 12:26): Նոր է նաև Եկեղեցիի՝ մեռելներու Յարութեան խորհուրդը. «Արդ՝ խորհուրդ մը կը յայտնեմ ձեզի. բոլորս ալ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս. պիտի նորոգուինք յանկարծակի, ակնթարթի մը պէս, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչէ, և մեռելները Յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, և մենք պիտի նորոգուինք» (Ա Կորնթ. 15:51):
Արդ՝ կը տեսնենք, թէ Քրիստոս ինչպիսի առատութեամբ մեզի այսքան բարիքներ շնորհեց, որուն մասին առաքեալը կ’ըսէ, թե ամէն ինչ նոր եղաւ: Եւ այս բոլոր բարիքներու պատճառն ու աղբիւրն այս օրն է, այդ պատճառով ալ այն Նոր կը կոչուի:
Այս օրը Նոր Կիրակի կը կոչուի նաև խորհրդապէս: Թէպէտ առաջին միաշաբաթին՝ Յարութեան Կիրակիին նորոգուեցաւ մեր բնութիւնը՝ յանձին Փեսայի, սակայն ոչ յանձին Հարսի՝ Եկեղեցիին, քանզի Եկեղեցիի իշխանները տակաւին հնութեան մէջ էին. ոմանք կը երկմտէին, ոմանք ալ չէին հաւատար: Այդպիսիներուն այս միաշաբաթի միջոցով Տէրը նորոգեց ու հաստատեց հաւատի մէջ և անոնց միջոցով ալ՝ Եկեղեցին: Նորոգեց, որպէսզի նոր գինին նոր տիկերու մէջ հեղուի, քանզի չի կարելի նոր գինին լեցնել հին տիկերու մէջ (տե՛ս Մատթ. Թ 17):
Այս Կիրակին ունի հետևեալ յատկութիւնները: Նախ՝ ինչպէս Կիրակին բոլոր օրերուն սկիզբն է ու վախճանը, այնպէս ալ այս Կիրակին ժամանակի վախճանը և սկիզբն է՝ մշտնջենաւոր յաւիտենականութիւն: Երկրորդ՝ ան երեկոյ է, քանզի երեկոն ասոր չի այցելեր: Երրորդ՝ չունի գիշեր, միշտ ցերեկ է, և ասոր այլ օրեր չեն յաջորդեր: Չորրորդ՝ անշարժ է ժամերու, րոպէներու ու վայրկեաններու համար, այսինքն՝ անժամանակ է:
Կրկնազատիկ
Այս օրը նաև Կրկնազատիկ կը կոչուի երեք պատճառներով: Անոնք են՝ ազատութիւնը, Յարութիւնը և փրկութիւնը: Նախ քննենք ազատութեան հարցը: Զատիկը ազատութիւն կը նշանակէ, և այս օրը կրկնակի ազատութեան օր է, հետևեալ պատճառով. թէպէտ և Քրիստոս մեզի ազատեց մեր մեղքերէն՝ Իր առաջին գալուստով, սակայն մեր մարմինը դեռ կը գտնուի կրքերու ազդեցութեան ներքոյ, այսինքն՝ քաղցի, ծարաւի, երկիւղի, տրտմութեան և այլն, ինչպէս կ’ըսէ առաքեալը. «Մենք իսկ, որ Հոգիի առաջին պտուղը ունինք, մենք ևս մեր մէջ կը հեծեծենք՝ սպասելով որդեգրութիւնը՝ մեր մարմնի փրկութիւնը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստուած ամէն ինչ նոր կ’ընէ և բոլոր կարիքներէն մեզի կ’ազատէ, այն ժամանակ այդ կը կոչուի Կրկնազատիկ:
Երկրորդ՝ Կրկնազատիկ կը կոչուի մեր կրկնակի Յարութեան պատճառով: Առաջին Կիրակի օրը Քրիստոս մեզ Յարութիւն տուաւ Իր Հոգիով ու զօրութեամբ, ինչպէս կ’ըսէ առաքեալը. «Անոր հետ Յարութիւն տուաւ մեզի և Անոր հետ նստեցուց երկնքի մէջ Քրիստոս Յիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ Կիրակի օրը մեզի Յարութիւն պիտի տայ ըստ մարմնի, և մեռելներէն Յարութիւն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով ալ այս օրը կը կոչուի Կրկնազատիկ, և մեր կրկնակի Յարութեան օրուայ պատկերն է:
Երրորդ՝ Կրկնազատիկ կը կոչուի մեր փրկութեան պատճառով: Տէրը առաջին Կիրակի օրը երևցաւ աշակերտներուն և անոնց հաստատեց Յարութեան հաւատի մէջ, իսկ երկրորդ Կիրակի օրը երևցաւ, որպէսզի փրկէ Թովմասին թերահաւատութենէն ու հաւատի մեջ հաստատէ՝ ըսելով. «Բե՛ր քու մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քու ձեռքն ու մտցո՛ւր Իմ կողին մէջ. անհաւատ մի՛ ըլլար, այլ հաւատացեալ»: Եւ Թովմասը Անոր պատասխանեց. «Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ» (Յովհ. 20:27-28): Եւ այդ օրինակն է երկու տեսակ հաւատացեալներու: Աշակերտներու մէկ մասը այն հաւատացեալներն էին, որոնք լսելով և հաւատի աչքով տեսնելով՝ հաստատուեցան ի Քրիստոս, իսկ Թովմասը օրինակն է երկրորդ տեսակի հաւատացեալներուն, որոնք Երկրորդ գալստեան ժամանակ սքանչելիքներէն և երկիւղէն հարկադրուած պիտի հաւատան՝ ըստ այս խօսքի. «Որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ ըլլայ թէ՛ երկնաւորներուն, թէ՛ երկրաւորներուն և թէ՛ սանդարամետականներուն. և ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստուծոյ» (Փիլիպ. 2:10-11), ինչպէս և այսօր Թովմասը, շօշափելով Տիրոջը, Անոր Աստուած դաւանեց:
Դարձեալ՝ Նոր Կիրակի և Կրկնազատիկ կը կոչուի, քանզի նորովի կը տօնենք մեր հոգիի փրկութեան նաւակատիքը՝ հոգևոր ուրախութեամբ և տօնախմբութեամբ, և ոչ ինչպէս հինը, քանզի հինի նաւակատիքը միայն մարմնաւոր ուրախութեան համար էր:
more
Time
April 11, 2021 All Day(GMT-05:00)